ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Անշարժ գույքի շուկայի բժիշկը եկամտահարկն է

Անշարժ գույքի շուկայի բժիշկը եկամտահարկն է
03.03.2015 | 12:22

Այն, ինչ չարեց Տիգրան Սարգսյանի կառավարությունն անշարժ գույքի շուկայի աշխուժացման և ներդրումների ծավալների աճի գործում, հաջողվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Խնդիրը շատ պարզ է. Տիգրան Սարգսյանը նախընտրեց արտոնյալ վարկերը տրամադրել կառուցապատողին։ Գրել էինք բազմիցս՝ այդ ծրագիրը չի գործի, քանի որ արտոնյալ վարկերը պետք է հատկացվեն պոտենցիալ գնորդներին։
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հաստատեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունները, ինչը հնարավորություն է տալիս պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու եկամտահարկի հաշվին։ Այս փոփոխությունից կշահեն ոչ միայն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքները, այլև շինարարության ոլորտը սառած վիճակից դուրս կգա, ինչը զգալի դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա։ Ի դեպ, նշվածը միակ նորությունը չէ։ Լրացուցիչ ի՞նչ է ենթադրվում այս փոփոխությունների շրջանակներում, զրուցեցինք ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության եկամուտների քաղաքականության բաժնի պետ ՕՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ։

-«Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն սահմանվել է, որ ՀՀ-ի տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու նպատակով քաղաքացիների ստացած հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսավճարները վերադարձվում են վարկառու քաղաքացիներին իրենց վճարած եկամտային հարկի գումարների չափով,- նշեց պարոն Ալավերդյանը։- Օրենքը տարածվում է կառուցված, կառուցվող բնակարանների ձեռքբերման, պետական կամ համայնքային ծրագրերի շրջանակներում բնակարանների և անհատական բնակելի տների կառուցման վրա։ Օրենքը որևէ սահմանափակում չունի որևէ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու հարցում, այսինքն, քաղաքացին կարող է ցանկացած կառուցապատողից օրենքով սահմանված կարգով ձեռք բերել բնակարան։ Մի կարևոր հանգամանք ևս. կառավարությունը մտադիր է օր առաջ այս օրենքը գործի դնել։ Այն տարածվում է 2014-ի նոյեմբերից ստացված հիպոթեքային վարկերի սպասարկման վճարների վրա։
-Օրենքը միայն պայմանագրայի՞ն աշխատողների վրա է տարածվում, թե՞ նաև ծառայություն մատուցող աշխատողների։ Եվ խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ տարբերակով է եկամտային հարկը ձևավորվելու որպես վարկ մարող տոկոսադրույք։
-Այն վերաբերում է պայմանագրային աշխատողներին։ Վարձու աշխատողների հետ ևս կնքվում է պայմանագիր։ Ենթադրենք, աշխատանքային պայմանագրի համաձայն անձի մաքուր աշխատավարձը առանց պահումների կազմում է 100 հազար դրամ։ Այդ դեպքում գործատուն պետք է աշխատողի անունով հաշվեգրի մի փոքր ավելի աշխատավարձ, որպեսզի եկամտահարկը պահելուց հետո աշխատավարձի վերը նշված չափը պահպանվի։ Օրինակ, աշխատավարձը եթե կազմի 120 հազար դրամ, ապա 20 հազար դրամ եկամտահարկը գործատուն պետք է վճարի պետբյուջե քաղաքացու անունից։ Հետագայում քաղաքացին հիպոթեքային վարկի տոկոսները մարելու համար պետք է հետևի, թե տվյալ եռամսյակում գործատուն որքան եկամտահարկ է հավաքել և ինչքան է փոխանցել պետբյուջե։ Սրանից բացի, աշխատողը պետք է նաև հետևի իր վերցրած հիպոթեքային վարկի տոկոսների մարման ընթացքին։
-Ինչ խոսք, շատ լուրջ քայլ է կատարվել անշարժ գույքի առաջնային շուկայի աշխուժացման համար, սակայն հետաքրքիր է մեկ այլ կարևոր հարց։ Որքա՞ն պետք է կազմի եկամտահարկը, որպեսզի առևտրային բանկերը հիպոթեքային վարկ տրամադրեն քաղաքացուն։
-Իրականում կդժվարանամ պատասխանել Ձեր հարցին։ Յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում կայացնում՝ վարկերի տրամադրման հարցում գնահատելով իր ռիսկերը և հիմք ընդունելով քաղաքացու վարկային պատմությունը, վճարունակությունը։ Սրանից ելնելով, կարծում եմ, պայմանները փոփոխական կլինեն։
-Իսկ «Եկամտահարկի մասին» օրենքի նոր փոփոխություններով սահմանվա՞ծ է ինչ-որ շեմ, որից սկսած բանկը կարող է հիպոթեք տրամադրել։
-Ոչ, բացի վարկի ստացման և գույքի տեսակների սահմանափակումներից այլ սահմանափակումներ օրենքով սահմանված չեն։
-Բայց այդ դեպքում մտավախություն կա, որ բանկերը չեն վարկավորի այն աշխատողներին, որոնց եկամտային հարկի չափը ցածր է, ասենք, 20 հազար դրամ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում բարձր աշխատավարձ ստացողների թիվը մեծ չէ։ Արդյոք չի՞ ստացվի, որ այս հիանալի օրենքից կօգտվեն միայն «ընտրյալները», բանկերի ընտրությամբ։
-Իրականում դժվարանում եմ բանկային համակարգի փոխարեն պատասխանել։ Ինչ խոսք, առևտրային բանկերը գնահատում են իրենց ռիսկերը, և հնարավոր է, որ ցածր աշխատավարձ ստացող անձանց վարկ տրամադրվի այնպիսի գումարի չափով, որի մարման գումարը համապատասխան լինի վերջիններիս աշխատավարձին։ Սակայն դա իմ կարծիքն է։ Միգուցե բանկային համակարգը չափի իր ռիսկերը և սահմանի աշխատավարձի չափ։ Միևնույն ժամանակ պետք է նաև հաշվի առնենք, որ պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող հիպոթեքային վարկի տոկոսներն անհամեմատ ցածր են շուկայականներից։ Հետևաբար, կարծում եմ, որ առևտրային բանկերը ևս պետք է շահագրգռված լինեն վարկառուների շրջանակը մեծացնելու հարցում։
-Իսկ ի՞նչ իրավունքներ են սահմանվում համավարկառուի համար՝ գումարների հետվերադարձման կարգում։
-Ասեմ, որ համավարկառու կարող են լինել ընտանիքի անդամները ¥անդամը¤, որոնց եկամտահարկերը նույնպես կհաշվարկվեն հիպոթեքում։ Համավարկառու հանդիսացող քաղաքացու ստացած վարկի գումարների համար տոկոսավճարները նույնպես վերադարձվելու են՝ գույքի համասեփականատեր լինելու դեպքում։
-Պարոն Ալավերդյան, օրենքով նախատեսվա՞ծ է, թե քանի տարով է վարկը տրվելու, և սահմանվա՞ծ են վարկի չափի նվազագույն և վերին շեմեր։
-Գործող օրենքով ժամկետային և գումարային շեմերի սահմանափակումներ նախատեսված չեն, այսինքն՝ չկան։
-Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվելու։
-Գումարները հետ ստանալու համար հարկային մարմիններին առաջին անգամ վարկառուն պետք է ներկայացնի դիմում գումարների հետվերադարձման մասին, որի ձևը կսահմանի հարկային մարմինը։ Նշված դիմումի հետ պետք է ներկայացվեն նաև գույքի, առքուվաճառքի, հիպոթեքային վարկի ստացման պայմանագրերը, վճարներ հաստատող փաստաթղթերի պատճենները։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ